Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը կողմերից կպահանջի «դժվար փոխզիջումներ», ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք պատրաստվում ենք շարունակել նրանց առաջնորդել՝ այս վերջնական տարաձայնությունները լուծելու և համաձայնության հասնելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ կողմերն «առաջընթաց են գրանցել» հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններում։
Միլլերը նշել է, որ երկու կողմերն էլ «անհավանական առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ են անցել» խաղաղության բանակցություններում։ Ըստ Պետդեպարտամենտի խոսնակի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը «մեծ նշանակություն կունենա այս երկրների և տարածաշրջանի համար, տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության համար»:
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել էին Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պատմական պայմանագրի» կնքման ուղղությամբ, ինչպես նաև պայմանավորվել էին շարունակել աշխատանքը։