Masco Corporation-ի նախկին գործադիր տնօրեն Ռիչարդ Մանուկյանը դատապարտել է իսրայելական Xana Capital ընկերության ոտնձգությունը Երուսաղեմի հայկական թաղամասի մի հատվածի նկատմամբ, հայտնել է Թաղամասը փրկելու շարժումն X-ում։
Շարժումը նշել է, որ եթե իսրայելական ընկերությունը շահի վիճահարույց գործարքի շուրջ դատավարությունը, Մանուկյանի հոր՝ Հայաստանի ազգային հերոս, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախկին նախագահ Ալեք Մանուկյանի կողմից ֆինանսավորվող ճեմարանը նույնպես կփոխանցվի նրան։
«Հայոց ճեմարանը՝ հավատքի և կրթության փարոսը, որը ֆինանսավորվում է հորս կողմից, վկայությունն է հայ ժողովրդի անմար ոգու և տոկունության: Դա ավելին է, քան պարզապես շենք. այն մեր ժառանգության, հավատքի և ապագա առաջնորդների օրրանն է: Այս սուրբ հողերը հիմք հանդիսացան մեր համայնքի ինքնության և տոկունության համար, դրանք առևտրի համար նախատեսված ապրանքներ չեն, այլ գանձեր, որոնք պետք է պահպանվեն»,- ասվում է Մանուկյանի հայտարարության մեջ։
Կոնգլոմերատի նախկին ղեկավարը նաև աջակցել է ակտիվիստներին, ովքեր ավելի քան 200 օր հերթապահում են բլոկի դարպասների մոտ՝ կանխելու ընկերության ներկայացուցիչների և հրեա ծայրահեղականների հարձակումները:
«Թեև ինձ ցավ է պատճառում իմանալ իրենց հողի պաշտպանության համար նրանց կրած կրկնվող հարձակումների մասին, ես նրանց նվիրված պաշտպանության մեջ տեսնում եմ հայ համայնքի ուժը, որը ճանաչում է իր բացառիկ պատմական պահը և պաշտպանելու է Երուսաղեմում իր գոյության իրավունքը, դա արել է դարեր շարունակ»,- գրել է նա։
Մանուկյանը կոչ է արել համայն հայությանն աջակցել Հայոց պատրիարքարանին և Երուսաղեմի Հին քաղաքի թաղամասը փրկելու շարժմանը` «սուրբ հողն ու ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու պատմական ջանքերով»:
2023 թվականի հունիսին Թաղամասի փրկության շարժման համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»:
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչ հարձակվել էր հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր Xana Capital-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։