Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2 տարի 7 ամիս անազատությունից հետո 10 մլն դրամ (ավելի քան 25 հազար դոլար)
գրավի դիմաց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել։
Ասլանյանը հերքել է իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում ազատ արձակվելու լուրը։
«Եթե նման պայմանավորվածություն լիներ, ես այստեղ չէի լինի»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ՝ նա չի բացառել, որ Վանաձորի քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրվելու դեպքում կարող է նորից կալանավորվել։
«Մեր երկրում անգամ երրորդական կարգի պաշտոնյաներն այնպիսի հետապնդումների են ենթարկվում, որ ոչինչ բացառել պետք չէ»,- նշել է Ասլանյանը։
Հարցին՝ մասնակցելո՞ւ է արդյոք Վանաձորի քաղաքապետի հնարավոր ընտրություններին, Ասլանյանը պատասխանել է, որ ավելի քան երկու տարի զրկված էր հանրության հետ շփվելու հնարավորությունից և այժմ պետք է խորհրդակցի իր թիմակիցների հետ, կողմնորոշվի իր ծրագրերում։
«2 տարի 7 ամիս անազատության մեջ լինելով՝ ես չգիտեմ, թե ինչ վիճակում եմ։ Բայց ես ոչ մի տեղ չեմ կորչելու, ոչնչից չեմ խուսափելու։ Իմ մոտեցումները չեն փոխվել, կամքս չի կոտրվել։ Պարզապես պետք է հասկանամ հետագա քայլերը»,- հավելել է նա։
Ասլանյանը նաև հայտնել է, որ 2021-ին՝ Վանաձորի ավագանու ընտրություններից հետո, իշխանությունն իրեն կոալիցիոն հուշագիր ստորագրելու և քաղաքական համագործակցության առաջարկ է արել, ինչն ինքը մերժել է։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հուլիսի 15-ին հայտնել էր, որ Ասլանյանը գրավի դիմաց ազատ է արձակվելու։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր։ Ասլանյանը ձերբակալվել էր 2021թ․ դեկտեմբերին։ Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման և համայնքային նշանակության հողերի ապօրինի վաճառքի մեջ: Ասլանյանը 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն զբաղեցնում էր Վանաձորի քաղաքապետի պաշտոնը։