Մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցել են Կենտրոնական Ասիայի երկրների և Եվրոպայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ռուսներ, Դաշնության խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է «Ռոսֆինմոնիթորինգ»-ի ղեկավար Յուրի Չիխանչինը։
«Ինչ վերաբերում է Crocus City-ին, շատ բան չէի ասի, քանի որ հետաքննությունը շարունակվում է։ Բայց կարող եմ ասել, որ սա, միանշանակ, միջազգային թիմ է՝ տարբեր երկրների ներկայացուցիչներով։ Սրանք Կենտրոնական Ասիայի, եվրոպական երկրների և Ռուսաստանի ներկայացուցիչներ են, դրանք շատ են»,- ասել է Չիխանչինը Դաշնային խորհրդի բյուջետային և ֆինանսական շուկաների հանձնաժողովի ընդլայնված նիստում։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով, այս պահի դրությամբ, զոհերի թիվը 144 է։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։
Ավելի վաղ ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։ Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։ Զոհերի թվում էր նաև հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, որը մարդկանց էր փրկել։