ՀՀ վերաքննիչ դատարանը փոխել է Ստեփանակերտի քաղաքապետի՝ տնային կալանքի խափանման միջոցը, հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
Ըստ նրա՝ տնային կալանքի ենթարկելու դատական ակտն ապօրինի էր։
«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը»,- գրել է Երիցյանը։
Սարգսյանը ձերբակալվել էր մայիսի 25-ին։ Մայիսի 27-ին դատարանը 20 օրով կալանավորել էր նրան։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։
Հունիսի 13-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։
Մայիսի 23-ին ձերբակալվել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Մայիսի 25-ին դատարանը 2 ամսով կալանավորել էր Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։