«Կիպրական ավիաուղիները» մոտ 2 ամիս է՝ հեռացել է հայկական ավիաշուկայից, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ (ՀՀ իշխանությունները – խմբ․) վարձավճարները թանկացրել են, ինչի պատճառով ընկերությունը հրաժարվել է թռիչքներ իրականացնել։ Ըստ աղբյուրի՝ նույն պատճառով վնասներ են կրել նաև տուրիստական ընկերությունները։
«Մեծ վնասներ են կրել նաև տուրիստական որոշ ընկերություններ, որոնք զբաղվել են այդ ուղղությամբ քաղաքացիների հանգստի պլանավորմամբ, ավիատոմսերի ամրագրմամբ։ Շատերն ստիպված են եղել փաթեթները չեղարկել և սեփական գրպանից գումարները վերադարձնել քաղաքացիներին կամ էլ թռիչքը տեղափոխել են Wizz Air ավիաընկերությունով»,- գրել է թերթը։
Լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել Հայաստանում «Կիպրական ավիաուղիների» ներկայացուցիչ «Լաքշերի վոյաժ» ընկերության հետ, հեռախոսահամարներն անհասանելի էին, իսկ Քաղավիացիայի կոմիտեից թերթը չի կարողացել հստակ պատասխան ստանալ։