Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը, ամբողջ աշխարհին, «Արմենպրեսին» ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նա ընդգծել է, որ գերիների հիմնարար իրավունքների խախտումները նրանց անպաշտպան լինելու վերաբերյալ տարատեսակ ընկալումների են հանգեցնում։
«Գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ իմ հաղորդակցության շրջանակներում ոչ միայն բարձրաձայնում եմ այս խնդիրը, այլ մի շարք իրավիճակներում հստակ վերլուծությամբ իրավունքների խախտման առնչությամբ միջազգային գործընկերներին ներկայացնում եմ իրավունքների կոնկրետ խախտումներ։ Օրինակ՝ ադրբեջանական տարբեր հեռուստաալիքներով գերիների մասնակցությամբ տեսանյութերի և ռեպորտաժների նախապատրաստման առնչությամբ, ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող վարույթների, դրանց անկողմնակալության ու մարմինների անկախության առնչությամբ մտահոգությունների վերաբերյալ»,- ասել է նա։
Մանասյանը հույս է հայտնել, որ գերիներին առնչվող խնդիրները պատշաճ և շուտափույթ լուծումներ կստանան, որովհետև ոչ միայն Հայաստանի կամ հայերի, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, միջազգային հանրությանը վերաբերելի խնդիրներ են։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Փետրվարի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ հայ գերիների վերադարձի հարցը Երևանի օրակարգում է և հայկական կողմից բարձրաձայնվում է Բաքվի հետ բանակցություններում: