Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը «РБ Спорт»-ին պատմել է «Ինտերում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի հետ համագործակցության մասին:
«Մենք շատ բաների մասին ենք խոսում Մխիթարյանի հետ։ Հաճախ ենք շփվում, բայց երկխոսության թեմաները կմնան մեր միջև։ Նա ինձ որպես Հայաստանի հավաքականի առաջատար է տեսնում։ Ասում է, թե ինչն եմ ճիշտ անում, ինչը՝ ոչ։ Իհարկե, նա հույսը դնում է ինձ վրա՝ որպես առաջնորդի, օգնում է և ինձ հուշում, թե ինչ անել»,- ասել է Սպերցյանը։
Սպերցյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 4 գոլով և 4 արդյունավետ փոխանցմամբ։ Այդ հանդիպումներում 24-ամյա ֆուտբոլիստը ստացել է 6 դեղին քարտ:
Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 95 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ: «Ինտերի» կազմում նա դարձել Է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր և երկրի կրկնակի սուպերգավաթակիր։