Հարկերն ուշ վճարելու օրական տույժը կբարձրանա նախաքովիդային մակարդակին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 18-ի նիստում։
ՊԵԿ տնօրենի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով՝ մինչև 2018 թվականն օրական տույժը սահմանված էր 0,15 %, բայց ոչ ավել, քան 365 օրը։ 2018 թվականի հունվարի 21-ից օրական տուժը սահմանվել էր 0,75 %։
Ըստ նախագծի՝ կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները մեղմելու, հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար տույժերը նվազեցնելու նպատակով 2022 թվականի ապրիլին տույժի չափը իջեցվել էր 0,04 տոկոս։ Այժմ հարկերի ուշ վճարման համար տույժերի դրույքաչափը վերականգնվել է նախկին՝ 0,075 տոկոս դրույքաչափին։
«Առաջարկում ենք վերականգնել մինչև 2022 թվականի ապրիլի 21-ը գործող տույժի չափը և սահմանել օրական 0,075 %»,- ասել է Սահակյանը։
Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, եթե տարեկան դրույքաչափը նախկին հաշվարկի դեպքում 14,6 % է, ապա այն հավասարեցվում է շատ հարմար պայմաններով վարկ ստանալուն։ Այժմ դրույքաչափը տարեկան կդառնա 27,375 %:
Նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։ Կառավարությունն ակնկալում է նախագծի ընդունման արդյունքում բարձրացնել հարկային վերահսկողական արդյունավետությունը և դյուրացնել հարկային խախտումների բացահայտման գործընթացը։
ԶԼՄ-ն հուլիսի 16-ին գրել էր, որ կառավարությունը կանգնել է որոշ ծախսեր հետաձգելու փաստի առաջ, քանի որ բյուջեում փող չկա։ Պարզվում է՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել նախատեսվածից ավելի քան 100 մլրդ դրամ պակաս հարկ։ Ըստ թերթի՝ ՊԵԿ-ը «նստել է տարբեր կալիբրի տնտեսվարողների շնչին», տուգանքներ են սահմանում անգամ անհեթեթ դրվագներով, որ բյուջե լցնեն։ Գործարարներից ոմանք պատրաստվում են դատի տալ ՊԵԿ-ին։