Արշավները Հայաստանում զբոսաշրջիկների և տեղական ժամանցի ամենասիրելի վայրերից են։ Armenia Today-ի խմբագրությունը հավաքել է հուլիս ամսին մասնագիտական ասոցիացիաների և տուրիստական գործակալությունների կողմից նախատեսվող արշավներն ու լեռնային արշավները:
Armenian Geographic նախագիծը հուլիսի 20-ին իրականացնում է 8 կմ երկարությամբ արշավ դեպի Լոռու մարզի Սարատովկա գյուղի Ջրաշուշան լիճ: Մասնակիցները կայցելեն Վարդաբլուր գյուղ, որտեղից կհասնեն 5-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցի, որը հայտնի է նաև որպես Ջիգրաշեն եկեղեցի: Արշավի արժեքը 9500 դրամ է։ Գինը ներառում է տրանսպորտ և զբոսավարի ծառայություններ: Արշավը հարմար է նույնիսկ սկսնակների համար, հնարավոր է մասնակցել նաև երեխաների հետ, նշել են կազմակերպիչները։ Մեկնումը նախատեսված է ժամը 08:00-ին՝ Երևանի Սարյան պուրակից:
Քայլարշավ դեպի Արագած և Մանթաշի ջրվեժ
Gitarshav և Sarudzor hiking project նախագծերը հուլիսի 21-ին հրավիրում են Արշավ դեպի Արագած լեռ, այնուհետև Քարի լճից մինչև Մանթաշի Ջրվեժ: Արշավի ընդհանուր երկարությունը 15 կմ է: Մասնակցության արժեքը 7500 դրամ է (տրանսպորտ, գիդ, գինու հյուրասիրություն): Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել 091014301 հեռախոսահամարով: Քայլարշավը Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտից կմեկնարկի հուլիսի 21-ին՝ ժամը 08:30-ին։
Երկօրյա այց Ծակքարի լիճ և Մեղրի
Hamshen Tour-ը հուլիսի 20-ին և 21-ին հրավիրում է երկօրյա ճամփորդության դեպի Սյունիք և այցելություն Զանգեզուրի լեռների Ծակքար լիճ: Առաջին օրվա ծրագրում նախատեսված է այցելություն Մեղրիի ամրոց, Սուրբ Հովհաննես և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ, Անապաստանաց վանք: Մեղրիում գիշերելուց հետո տուրի մասնակիցները 20 կմ երկարությամբ քայլարշավ կիրականացնեն դեպի Ծակքար լիճ, որը գտնվում է 3270 մետր բարձրության վրա: Երևանից մեկնումը նախատեսված է հուլիսի 20-ին՝ ժամը 07:00-ին, ժամանումը հուլիսի 21-ին՝ ժամը 23:30-ին: Տուրի արժեքը մեկ անձի համար կազմում է 34 000 դրամ, գինը ներառում է տրանսպորտ, զբոսավարների ծառայություններ, տեղավորում հյուրանոցում:
Վերելք Արագած լեռան երեք գագաթ
«Թռիչք» արշավական ակումբը հուլիսի 27-28-ը կազմակերպում է վերելք Արագած լեռան՝ 3423 մ, Ամբերդ (3234 մ) և Հարավային (3887 մ) գագաթներ: Հուլիսի 27-ին առավոտյան ժամը 7-ին քայլարշավի մասնակիցները կուղևորվեն Քարի լիճ, որտեղից կսկսվի վերելքը Թեժառույք, այնուհետև Ամբերդ: Վերելքից հետո մասնակիցները կվերադառնան Քարի լիճ և այնտեղ կտեղադրեն վրանային ճամբար: Հարավային գագաթ բարձրանալը կսկսվի հուլիսի 28-ին՝ ժամը 03:00-ին: Արժեքը 20 000 դրամ է, որը ներառում է տրանսպորտ, ուղեկցորդի ծառայություններ և վրան: Մեկնումը Գարեգին Նժդեհի արձանի մոտից նախատեսված է հուլիսի 27-ին՝ ժամը 07:00-ին։
Հուլիսի 28-ին Hamshen Tour-ը ձեզ կտանի 18 կմ դեպի Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր՝ Աժդահակ լեռը (3597)։ Մասնակիցները կհասնեն գագաթ Ակնա լճից, ուր ամենագնացներով կժամանեն Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից: Մեկնումը նախատեսված է ժամը 06:00-ին, վերադարձը Երևան՝ 22:00-ին: Արշավի արժեքը 12 000 դրամ է, գինը ներառում է տրանսպորտ, զբոսավարի ծառայություններ: