ԱԺ ՔՊ պատգամավոր, Սահմանադրական խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է, որ դեմ չէ Սահմանադրության նախաբանը փոխելուն, որտեղ ներառված է Անկախության հռչակագիրը, հայտնել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ Ջուլհակյանն այդ մասին ասել է հուլիսի 17-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ, ինչպես նաև նա հայտարարել է, որ հարցի հասցեատերը ՍԴ-ն է, որը պետք է հավանություն տա նման փոփոխությանը:
«Ուշագրավ է, որ Ջուլհակյանը խորհրդի անդամների բազում հարցադրումներին ի պատասխան պնդել է, թե ինքն անձամբ է ցանկանում, որ Սահմանադրությունը փոխվի, այլ ոչ թե կուսակցության կամ առավել ևս այլ պետության ղեկավարի ցանկությունն է առաջ տանում»,- նշել է թերթը։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ նոր Սահմանադրության օրակարգի և դրա մոդելի հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջուլհակյանի միջոցով է բերել խորհրդի օրակարգ:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հուլիսի 17-ին նիստ էր հրավիրել։ Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։