Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի, իրանական SNN-ին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Կկրկնապատկվի նաև Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը, նշել է դեսպանը։
«Մենք գազ ենք արտահանում Հայաստան և դրա դիմաց ներմուծում էլեկտրաէներգիա։ Մեզ հաջողվել է Հայաստանից Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը գրեթե վերջնական փուլ հասցնել։ Այն շահագործման կհանձնվի մոտակա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը»,- ասել է Սոբհանին։
Դեսպանը «մեծ հաջողություն» է անվանել «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը մինչև 2030 թվականը։ Համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, ըստ Սոբհանիի, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները:
Դեսպանը հիշեցրել է, որ 2023 թվականին իրանական և հայկական ընկերություններն ստորագրել են Հայաստանի անկախացումից ի վեր ամենամեծ պայմանագիրը՝ 212 մլն դոլարի չափով, որը նախատեսում է Հյուսիս-հարավ միջանցքի մաս կազմող Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցումը։ Նա ընդգծել է, որ այս նախագիծը մեծ դեր է խաղում իրանական տեխնիկական և ինժեներական ծառայությունների Հայաստան արտահանման գործում։
Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները, ըստ Սոբհանիի, վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են, ինչի մասին է վկայում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը՝ 200 միլիոն դոլարից հասնելով 711 միլիոն դոլարի։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է ներդրումների կարևորությունը նավթաքիմիական և շինանյութերի ոլորտում։
«Ակտիվորեն զարգանում է համագործակցությունը նաև զբոսաշրջության ոլորտում, ինչին նպաստում է երկու երկրների միջև վիզային ռեժիմի բացակայությունը։ Այսպես, 2023 թվականին Իրան է այցելել 161 հազար ՀՀ քաղաքացի»,- ասել է դեսպանը։
Նա ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի աշխարհագրական և ռազմավարական դիրքն առանձնահատուկ նշանակություն ունեն։
«Հայ-իրանական սահմանի երկարությունը 46 կմ է, և սա ամենաանվտանգ սահմաններից մեկն է։ Մեր պատմական հարաբերությունները հայերի հետ միշտ դրական են, և Հայաստանի անկախացումից հետո երկկողմ համագործակցությունն անշեղորեն զարգանում է»,- նշել է դեսպանը։
Սոբհանին հուլիսի 19-ին հայտնել էր, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում՝ մոտ ժամանակներս։