Հայաստանի և Եվրամիության գործընկերության նոր օրակարգում կլինեն կարևոր տարրեր, որոնք կօգնեն Հայաստանի անվտանգությանը, հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ելույթ ունենալով Մատենադարանում մեկնարկած Հայագիտության միջազգային կոնգրեսի ժամանակ։
Մարագոսի խոսքով՝ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են գործընկերության նոր օրակարգի շուրջ, կլինեն նոր ու կարևոր տարրեր, որոնք կօգնեն Հայաստանի անվտանգությանն ու ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը, կնպաստեն երկրի դիմադրողականությանը։
Դեսպանն ընդգծել է, որ Եվրամիությունը ներգրավված է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանը աջակցելու գործում:
«Եվ, մասնավորապես, ուզում եմ ընդգծել, թե որքանով ենք պաշտպանում Հայաստանի ինքնիշխանությունը ևտարածքային ամբողջականությունը։ Մենք դիտորդական առաքելություն ենք տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որը հատկապես նպաստում է սահմանային տարածքներում մարդկային անվտանգության ապահովմանը»,- ասել է Մարագոսը։
Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը գտնվել է «Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու առաջնագծում»։
«Մենք ավելացրել ենք մեր աջակցությունն անցյալ տարվա աշնանից: Այս գործընթացի սկզբում տրամադրել ենք ավելի քան 20 միլիոն եվրոյի աջակցություն և մարդասիրական օգնություն: Հիմա աջակցում ենք բնակարանաշինությանը, զբաղվածությանը և մի շարք որոշումներ ենք ընդունում, որոնցով պատրաստվում ենք փախստականների ինտեգրման համար մեր բյուջետային աջակցությունը ՀՀ կառավարությանը հասցնել մինչև 40 միլիոնի», – նշել է ԵՄ դեսպանը։
Նա հավելել է, որ 2024 թվականի ապրիլի 5-ին Եվրամիությունը հայտարարել էր Հայաստանի դիմակայունության և աճի համար 270 միլիոն եվրոյի օգնություն հատկացնելու մասին։
Հուլիսի 4-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Եվրամիությունը 2024 թվականին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ հայկական բանակի համար մոդուլային դաշտային ճամբար ստեղծելու նպատակով։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)։
2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: 2024 թվականի մարտին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։