Օլիմպիական խաղերի ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կգործի «Հայաստանի տունը», Հայաստանի օլիմպիական հավաքականի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հավաքականների գլխավոր և մարզիկների անձնական մարզիչները:
Նախարարի խոսքով՝ «Հայաստանի տանը» կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ, երկրպագուների հետ հանդիպումներ։
Գիլոյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի օլիմպիական տան» պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 25-ին Փարիզի կենտրոնում գործող ՀԲԸՄ շենքում:
Անդրեասյանը հույս է հայտնել, որ հայ մարզիկները հաղթանակով կվերադառնան։ Նա վստահեցրել է, որ պետությունը նրանց կողքին է։ «Պետությունը ձեր կողքին է: Փորձել ենք բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնել, որպեսզի Օլիմպիական խաղերում ձեր մասնակցությունը լինի արդյունավետ և պատշաճ մակարդակով։ Հավատով ենք սպասում ձեր մրցելույթներին: Օլիմպիական խաղերից մեր ակնկալիքները բավական բարձր պետք է լինեն, թեև կանխատեսումներ պետք չէ անել»,- ասել է նախարարը:
Հանդիպման ընթացքում Անդրեասյանը մարզիկներին նվիրել է հատուկ Փարիզ-2024-ի համար պատրաստված կրծքանշաններ՝ հայկական ծիրանի տեսքով, որոնք, նախարարի բնորոշմամբ, կարելի է համարել Օլիմպիական խաղերի՝ հայկական մասնակցության կրծքանշանը: «Այն կլինի փոքր Հայաստան Փարիզում և Օլիմպիական խաղերի ընթացքում ձեզ կփոխանցի հազարավոր երկրպագուների ուժն ու հավատը»,- հավելել է նա:
Գիլոյանը նաև հայտնել է, որ պետության կողմից ՕԽ չեմպիոնը 25 մլն դրամ կստանա: Պետությանը կմիանան նաև ՀԱՕԿ-ն ու Fastex ընկերությունը, որոնք նույնչափ պարգևատրումներ են նախատեսում Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակրին: «Այսինքն՝ ստացվում է շատ պատկառելի գումար ձեր շատ ծանր հաղթանակների համար: Իմացե՛ք՝ ամբողջ երկիրն է ձեր կողքին»,- ասել է նա:
Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը տեղի կունենա հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Փարիզում։ Հունիսի 26-ին ԿԳՄՍՆ-ն հայտնել էր, որ Օլիմպիական խաղերում Հայաստանը 15 մասնակից ունի։