Հուլիսի 22-ին՝ ժամը 09։58-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 45 հասցեի դիմացի ճանապարհահատվածում «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով, բախվել է այլ մակնիշների 7 տրանսպորտային միջոցի, հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 հոգի մահացել է, 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնում է Աբրահամյանը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ խոսնակի՝ կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում պատահարի մասնակիցների ինքնությունները, ինչպես նաև ողբերգական ելքով վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
Հուլիսի 22-ին խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի պողոտայում, բախվել էին Toyota Land Cruiser, Opel, Mercedes, BMW, Nissan, 2 ԶԻԼ մակնիշի և Nissan մակնիշի ավոտմեքնենաները: