Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանին լիազորել է ընդլայնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների շարքերը և աշխատանքի ընդունել «յուրայիններին», գրել է «Հրապարակ» թերթը։
Այդ մասին փաստում են Գյումրու ավագանու 5 անդամների` մանդատները վայր դնելը։ Ըստ թերթի՝ նոր անդամները Սարուխանյանի կադրերն են։
«Նոր անդամները Սարուխանյանի մարդիկ են, հրաժարվածները՝ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի։ Մինչ այդ ՔՊ-ն նիստ է անցկացրել, Սարուխանյանը հայտնել է, որ վերաձևելու է ավագանու կազմը՝ վերևից «դաբրո» ունի, «ռազբորկա» է սկսվել Հովհաննես Հարությունյանի և Սարուխանյանի միջև»,- գրել է կայքը։
Թերթը հայտնել է նաև, որ հրաժարական է տվել համայնքապետարանի երկու ներկայացուցիչ, որոնք անցնում են քրգործերով։
«Աղասի Մաթևոսյանը` Համբարձում Մաթևոսյանի հորեղբորորդին, մեղադրվում է ռուս զբոսաշրջիկներին կողոպտելու մեջ` անցած փետրվարին անգամ 2-ամսյա կալանք կրեց։ Երվանդ Խանամիրյանն էլ 50-ամյա Հ․Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու գործով է անցնում։ Խոսքը հայտնի պատմության մասին է, երբ արհեստավորին շան բունն էին նետել, ծեծել, կրակել»,- նշել է լրատվականը։
Թերթի «Քաղաքացիական պայմանագրի» աղբյուրները չեն բացառում, որ Սարուխանյանը կարող է քաղաքապետ նշանակվել, և նա վերադասավորումներն անում է ընտրություններից առաջ իր դիրքերն ամրապնդելու համար։