Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել գործընթացին»,- ասել է նա։
Միլլերի խոսքով՝ «ԱՄՆ-ն աշխատում է համաձայնության հասնելու ուղղությամբ, քանի որ խաղաղության ժամանակը եկել է»:
Պետդեպի խոսնակը հուլիսի 15-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագիրը կողմերից «դժվար փոխզիջումներ» կպահանջի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին խոսել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շրջանակներում Բաքվի պահանջների մասին, որոնց թվում է Մինսկի խմբի լուծարման խնդրանքով ԵԱՀԿ դիմելու Երևանի համաձայնությունը: Ալիևը նշել էր, որ խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90% արդեն համաձայնեցված է։