Հուլիսի 23-ին «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու՝ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի հատվածում, մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը՝ պետական մարմիններից պահանջելով կամուրջ կառուցել, գրում է «Հրապարակը»։
Ոստիկանության աշխատակիցներն ուժի կիրառմամբ բացել են ճանապարհը, հավելել է կայքը։ ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնեցին, որ բերման ենթարկված քաղաքացիներ չկան։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ բնակիչների դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ «Հյուսիս-հարավ»-ի կառուցման հետևանքով դժվարացել է Դավթաշեն և հարակից գյուղերի բնակիչների տեղաշարժը։
«Դեպի Դավթաշեն, Վերին և Ներքին Սասնաշեն ու Կաթնաղբյուր բնակավայրերի մուտքը երկարել է 5 կմ-ով, քանի որ ճանապարհը, որով երթևեկում էր բնակչությունը, այժմ վերափոխվել է` ստեղծելով մի շարք բարդություններ»,- ասված է հրապարակման մեջ։
Ակցիայի մասնակիցները կայքին պատմել են, որ խնդիրը լուծելու համար պահանջում են կամուրջ կառուցել։
«Դիմել ենք տարբեր հաստատություններ, սակայն պատկան մարմինները չեն ցանկանում մեզ ընդառաջել։ Այդ պատճառով որոշել ենք ճանապարհը փակել»,- հավելել է ակցիայի մասնկաիցներից մեկը։