Եվրոպացի քաղաքական գործիչները ողջունել են Եվրամիության խորհրդի որոշումը՝ հավանություն տալու Եվրահանձնաժողովի՝ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մտադրությունը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ խորհրդի որոշումը Հայաստանի համար «երկար սպասված» է անվանել։
«Շատ ուրախ եմ, որ ամառային ընդմիջումից առաջ դա վերջնականապես համաձայնեցվեց, քանի որ գիտեք, թե որքան լարված է իրավիճակը Կովկասում։ Սա կամրապնդի մեր գործընկերությունը Հայաստանի հետ»,- ասել է Բորելը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը նույնպես ողջունել է Հայաստանում բարեփոխումներին աջակցելուն և Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների ամրապնդմանը։ «Վերջապես, իմաստուն և ռազմավարական որոշումներ խորհրդի կողմից»,- գրել է նա X-ում:
Լատվիայի ԱԳՆ-ն Երևանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից 10 միլիոն եվրոյի հատկացումը Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժի ամրապնդման համար անվանել է «կարևոր առաջընթաց ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում»։
«Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղված աշխատանքները կշարունակվեն»,- ասվում է Լատվիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Եվրոպական աջակցությունը Հայաստանի զինված ուժերին ողջունել է նաև Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը։ «Սա առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն որոշում է կայացրել աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Կարևոր քայլ՝ ուղղված երկրի դիմադրողականության ամրապնդմանը»,- գրել է նա X-ում։
Հուլիսի 22-ի նիստում Եվրամիության խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությանը, ինչպես նաև որոշել էր հատկացնել 10 մլն եվրո՝ Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժն ուժեղացնելու համար և օգնել բարելավել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում: Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը «կարևոր հանգրվան և խորացող գործընկերություն» էր անվանել Հայաստանին օգնություն տրամադրելու և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ԵՄ խորհրդի որոշումը։