Կոտայքի մարզում ոստիկանի նկատմամբ բռնության վարույթով 7 անձի մեղադրանք է առաջադրվել, 2-ը կալանավորվել են, տեղեկացրել է Քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել մեղադրյալների հետ կապված միջադեպից։ Գերատեսչության տվյալներով՝ 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում 17-45 տարեկան 7 անձինք, ինքնությունը չպարզված մոտ 100 այլ անձանց հետ վիճաբանել և հնչեցրել են հայհոյանքներ:
Ըստ գերատեսչության հայտարարության՝ Ոստիկանության Աբովյանի բաժնի 11 ծառայողներ դեպքի վայր մեկնելով և տեսնելով, որ վիճաբանության մասնակիցները չեն դադարեցնում իրենց գործողությունները՝ փորձել են ձերբակալել նրանցից ոմանց։
Այդ ընթացքում վիճաբանության մասնակիցները, հայհոյանքներ հնչեցնելով, սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին, ինչի արդյունքում վերջիններիցս մեկն իր մոտ գտնվող ինքնաձիգով նախազգուշական երեք կրակոց է արձակել օդ։ Ընթացքում Արամուսի 2 բնակիչներ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարվածներ են հասցրել ոստիկանության մի քանի ծառայողների մարմինների տարբեր հատվածներին, նշել է ՔԿ-ն:
Ձեռք բերված փաստերի հիման վրա վերոնշյալ 7 անձանց ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։ Նրանցից ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն կատարած նշված 2 անձանց՝ Արամուս բնակավայրի բնակիչներին, մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավոլագույնը 5 տարի ժամկետով)։
Ըստ գերատեսչության՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը բավարարվել է։
Մյուս 5 անձանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և նրանք ազատ են արձակվել։