Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով, հայտնել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։
Նա գրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը վերջին պահին է տեղեկացրել, որ նիստը չի կայանալու։
«Այսօրվա նիստին պետք է քննարկվեր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկելու և այդ չեղարկելը նախքան 2026 թվականի ԱԺ ընտրություններն անելու «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի» առաջարկը։ Եթե այդ որոշումը առաջիկա շաբաթներում խորհրդում չընդունվի, ապա իրատեսական չի լինի Սահմանադրության (ու ապա Ընտրական օրենսգրքի) համապատասխան փոփոխությունների կատարումը՝ (կայուն մեծամասնության մեխանիզմից ձերբազատումը) նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները»,- պարզաբանել է Իոաննիսյանը։
Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում: Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։ Վերջին 5 ամիսների ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են կրկնել ՀՀ Սահմանադրության հետ կապված իրենց պահանջը։