ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2 տոկոսային կետով առաջ է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից, ցույց է տվել Reuters/Ipsos-ի հարցումը։
Հարցվածների գրեթե 60%-ը կարծում է, որ նա «սուր միտք ունի և կարող է հաղթահարել խնդիրները», համեմատած 49%-ի հետ, ովքեր Թրամփին այդպիսին են բնութագրել:
Հարցումն անցկացվել է հուլիսի 22-23-ը, այն բանից հետո, երբ գործող նախագահ Ջո Բայդենը դուրս է եկել նախագահական մրցապայքարից։
Հարցման համաձայն՝ Հարիսին աջակցել է հարցվածների 44%-ը, Թրամփին՝ 42%-ը։ Հուլիսի 15-16-ի հարցման ժամանակ նրանք երկուսն էլ ստացել են 44%, իսկ հուլիսի 1-2-ին Թրամփը մեկ տոկոսային կետով գերազանցել է Հարիսին։
Գրանցված ընտրողների մոտ 56%-ը համաձայնել է, որ 59-ամյա Հարիսը «ունի սուր միտք և խնդիրներ լուծելու կարողություն»։ 78-ամյա Թրամփին այսպես են բնութագրել հարցվածների 49%-ը, 81-ամյա Բայդենին՝ 22%-ը։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։