Երևանի քաղաքապետարանն ու ԿԳՄՍ նախարարությունը սկսել են վերականգնել պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի սեփականատերերի որոնումները։ Մայրաքաղաքում մոտ 30 հուշարձան-շենքեր գտնվում են անմխիթար վիճակում, որոնց սեփականատերերը կա՛մ անհայտ են, կա՛մ նրանց գտնվելու վայրը ճշտված չէ, հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Հիմնականում դրանք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, երևանցիների շրջանում հայտնի սև շենքերն են: Դրանք տարբեր բնույթի խնդիրներ ունեն: Մի մասը անվթարության խնդիր ունի, մի մասը լքված է, մի մասն էլ ոչ պատշաճ է օգտագործվում: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված են հուշարձանների սեփականատերերի պարտականությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հրանտ Հովսեփյանը։
Քաղաքապետարանից նշել են, որ բոլոր սեփականատերերին ուղարկել են իրենց պարտավորությունների մասին ծանուցումներ, սակայն միայն քչերն են արձագանքել, քանի որ նրանք՝ լինեն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, շատ դեպքերում գտնվում են արտերկրում: «Եթե սեփականատերերը չեն կատարում իրենց պարտավորությունները, ապա օրենքը նախատեսում է վարչական տույժերի կիրառում»,- ընդգծված է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը պատրաստվում է փոփոխություններ նախաձեռնել «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որով համայնքներին իրավունք կտրվի միջամտելու և շենքերը պահպանելու այն դեպքում, երբ սեփականատերերը դա չեն անում։ Կատարված ծախսերի փոխհատուցում կպահանջվի սեփականատերերից, պարզաբանել է նա։ Փոփոխությունները նախատեսում են վարչական տուգանքների բարձրացում, ինչպես նաև դատական կարգ՝ հուշարձան-շենքերի սեփականատերերից հեռացման համար, որոնք գտնվում են լքված վիճակում։
«Օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում հուշարձան-շենքերի պահպանման ու կանոնների խախտման դեպքում, և այդ կանոնները չպահպանելը սեփականատերերի համար շատ դառը հետևանքներ է ունենալու: Իսկ հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են, և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է. այդ պարտավորությունը պետք է պահպանվի կամ կպարտադրվի»,- ավելի վաղ հայտարարել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։