Դատարանը կալանավորել է առանձնապես խոշոր չափերով սինթետիկ և այլ բնույթի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 3 անձի, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ գերատեսչության՝ հուլիսի 17-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցից Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևանի 33-ամյա բնակիչ Վ.Կ-ն՝ իր «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով: Նրա մոտ հայտնաբերվել է 4,73 գրամ ընդհանուր քաշով թվով 7 փաթեթ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութ և ծալովի դանակ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը՝ առաձնապես խոշոր չափերի, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը՝ 12 տարի ժամկետով), 396-րդ հոդվածի 2-րդ մասով (Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր կամ դրանց ածանցյալներ կամ պրեկուրսորներ հափշտակելը մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ա առավելագույնը 8 տարի ժամկետով) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով), նախաձեռնվել է քրեական վարույթ: Վ․Կ․-ն ձերբակալվել է։
Նրա բնակության վայրում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի մոտ 25գ «Մեթամֆետամին» և մոտ 600գ «Մաիրուխանա» տեսակի թմրամիջոցներ։
Իրավապահները պարզել են, որ Վ.Կ.-ին թմրամիջոց իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ Հ.Դ.-ն՝ 33-ամյա հարևանի՝ Ս.Կ.-ի հետ ստեղծելով հանցավոր խումբ։
Հ.Դ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են 14 հատ 100 ԱՄՆ դոլարանոց առերևույթ կեղծ թղթադրամներ, Ս.Կ.-ի բնակության վայրում՝ առանձնապես խոշոր չափերի մոտ 300 գրամ «Մարիխուանա» և մոտ 20 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, էլեկտրական կշեռքներ, 122 հատ առերևույթ կեղծ 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամներ, ինչպես նաև թմրանյութերի պատրաստման, օգտագործման և իրացման համար նախատեսված տարբեր պարագաներ։ Ս.Կ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն յուրահատուկ հոտով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող 92,7 գրամ քաշով զանգված։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Կ.-ին և Հ.Դ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ս.Կ.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հայտնել է քննչական կոմիտեն։