Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հնարավոր է, հրաժարական տա, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով նախարարին մոտ կանգնած աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Պապոյանը «չի դիմանում աշխատանքի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա շփումներին»։
Պապոյանն աշխատում է «աննկարագրելի էնտուզիազմով, նա նախկին նախարար Վահան Քերոբյանից հետո թափ է տվել «ժանգոտած» գերատեսչությանը, որի աշխատակազմը «պարապուրդի էր մատնված», աշխատակազմում սկսել են շփվել, համագործակցել միմյանց հետ», հավելել է «Հրապարակը»։
Ըստ թերթի աղբյուրի՝ Քերոբյանի օրոք յուրայինների կառավարում էր հաստատվել, երբ նախարարին մի քանի մոտ մարդ տիրապետում էր իրավիճակին, մյուսները կատարողներ էին։
Քերոբյանը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին՝ նախարարությունում կատարված խուզարկություններից և ՔԿ-ի կողմից գնումների գործընթացում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո։ Փետրվարի 15-ին նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել Էկոնոմիկայի նախկին նախարարին, իսկ ապրիլի 12-ին դատարանը երկու ամսով երկարաձգել էր Քերոբյանի տնային կալանքի ժամկետը։
Ըստ ՔԿ-ի՝ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով Քննչական կոմիտեն մեղադրանքներ էր առաջադրել 8 անձի, որոնցից 5-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ: Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։