Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության սովորողները, այսինքն՝ ավագ դպրոցի, քոլեջների և տեխնիկումների ուսանողները ուսման ողջ ընթացքում կունենան զորակոչից ընդամենը մեկ տարկետման իրավունք։ Կառավարությունն այս որոշումն ընդունել է հուլիսի 25-ին կայացած նիստում։
«Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Ծրագրի նպատակն է վերացնել սխալները տարկետումներ նշանակելիս, ինչպես նաև բարձրացնել դրանց տրամադրման արդյունավետությունը։
2022 թվականի սեպտեմբերի 5-ին ԿԳՄՍՆ-ն առաջարկել էր պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալ պետության համար առաջնահերթ մասնագիտություններ սովորող համալսարանականներին՝ բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտներում։