Արտադրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ահազանգել են, որ դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման հարցում խոչընդոտների են հանդիպում։ Խնդրի մասին, պատգամավորի խոսքով, ահազանգել են արտահանմամբ զբաղվող ընկերությունները։
«Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը։ Հայկական կողմն իրականացնում է բուսասանիտարիայի խստացված վերահսկողություն՝ չթույլատրելով մրգի կամ բանջարեղենի արտահանումը։ Այս ամենի հետևանքով բեռնատարները օրեր շարունակ կանգ են առնում Բագրատաշենի անցակետում, փչանում է հարյուրավոր տոննաների հասնող միրգն ու բանջարեղենը, ծանր դրության մեջ է հայտնվում գյուղացին»,- հայտարարել է Դանիելյանը։
Պատգամավորը, հղում անելով արտահանողներին, ասել է, որ խնդիրը կապված է գյուղմթերքի՝ ստանդարտներին չհամապատասխանելու հարցի հետ։
«Անհատ արտահանողները արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդատներին, ապա ինչո՞ւ է իրացվում հայկական շուկայում, լաբորատոր փորձաքննության մասին ինչո՞ւ են հիշում միայն արտաքին շուկա արտահանելու պարագայում»,- գրել է Դանիելյանը։
Խնդրի շուրջ Armenia Today-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Նախարարությունից հայտնեցին, որ քաղաքականության մշակող կառույց են, և խնդիրը ՍԱՏՄ դաշտում է։ ՍԱՏՄ-ից մեր զանգերին չպատասխանեցին։
ՍԱՏՄ-ն հուլիսի 19-ին հայտնել էր, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հուլիսի 15-ից ժամանակավորապես սահմանափակել է հայաստանյան 16 ընկերության արտադրանքի մատակարարումը ՌԴ տարածք։ Պատճառը Հայաստանից ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի՝ ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրած խախտումներն են։ ՍԱՏՄ-ն հայտարարել էր, որ վերահսկողական միջոցառումներ է սկսել։