Հուլիսի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին երիտասարդ ընտանիքի կյանք խլած վթարի դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
ՔԿ-ն հայտնել է, որ Honda-ի վարորդը (Ն. Մ., ծնված 1992թ․-խմբ․) և վերջինիս կինը (Ն. Շ., ծնված 1992թ.) BMW-ի հետ բախման հետևանքով տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, գիտակցության չգալով, մահացել է «Գյումրի բժշկական կենտրոնում»։
««BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Վերջինիս ինքնությունը պարզվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով)։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտում հայտնաբերվել են վթարված «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենան, իսկ նույն գոտու կողնակին՝ շրջված «HONDA FTT 1.3» ավտոմեքենան, որոնք ևս զննվել են։ Որոշումներ են կայացվել ընտանիքի մահացած անդամներին տուժող ճանաչելու, դիակների դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,- գրել է Աբրահամյանը։
Նա հավելել է, որ ոստիկանությանը BMW-ի վարորդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել։
Ողբերգական վթարի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Shamshyan.com-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ BMW-ի վարորդի հետ ևս մեկ մարդ է եղել, որին ոստիկանության Ախուրյանի բաժին ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են։