Իսրայելի ռազմաօդային ուժերը հուլիսի 28-ի գիշերը հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակին:
Հարվածներ են հասցրել են «Հեզբոլլահ» խմբավորման մի շարք օբյեկտների ինչպես Լիբանանի տարածքի խորքում, այնպես էլ Լիբանանի հարավում, ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հարվածների թիրախները եղել են «Հեզբոլլահի» «զենքի թաքստոցներն ու ահաբեկչական ենթակառուցվածքը»:
Իսրայելը Լիբանանի ուղղությամբ հարվածներ է հասցրել հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծմանն ի պատասխան։ Ի սկզբանե հաղորդվում էր, որ ֆուտբոլի դաշտում հրթիռի հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Ավելի ուշ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հարվածի հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս, վիրավորվել՝ 11 մարդ: Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ հրթիռն արձակվել է «Հեզբոլլահի» կողմից: Խմբավորումը չէր ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը։