Հուլիսի 27-ին մահվան ելքով ավտովթար, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 22։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գործող «Ֆասթ բանկ»-ի դիմաց բախվել են Երևանում ժամանակավորապես բնակվող 43-ամյա Համբարձում Մ.-ի վարած ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Էդգար Մ.-ի վարած Mercedes ML մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գուրգեն Դ.-ի վարած Toyota մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պ.-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, հայտնել է կայքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Պետրոսյանը հուլիսի 28-ին հիվանդանոցում մահացել է։
«Վարորդներից մեկն աշխատում է «Դեֆանս Հաուզինգ» ՍՊԸ-ում։ Մինչ քննիչների կժամանեին դեպքի վայր, մի խումբ անձինք եկել են դեպքի վայր, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ։ Նրանք հարձակվել են ծառայություն կատարող պարեկների վրա, մի քանիսին պատճառել մարմնական վնասվածքներ»,- հավելել է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանական լրացուցիչ ուժերի ժամանումից հետո նրանց բերման են ենթարկել։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ բերման ենթարկվածների մեջ մարզաշխարհի ներկայացուցիչ կա։