Հունիսի 11-ին Երևանում «Ֆազ» մականունով քրեական հեղինակություն 43-ամյա Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35-ամյա Բ․ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի վարույթով 2 անձ է կալանավորվել, 2 անձի հայտնաբերելու և ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնում են Քննչական կոմիտեից։
Կալանավորվել են «Չաղ Ռուստամ» մականունով 36-ամյա Ռուստամ Ստեփանյանը և Ա․Կյուրեղյանը։
ՔԿ-ից մանրամասնել են, որ սպանության պատճառ է դարձել 2020թ․, այնուհետև 2021 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021թ. հունվարի 13-ին Երևանիի Դավիթ-Բեկի փողոցի 109/10 հասցեում գտնվող «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում «Չաղ Ռուստամի» և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձևավորվել մինչ այդ մտերիմ, «Ֆազի» և «Չաղ Ռուստամի» միջև։
«Ձևավորված թշնամական հարաբերություններից ելնելով՝ Ստեփանյանը Գրիգորյանին դիտավորությամբ սպանելու նպատակով իր մտերիմներ Կյուրեղյանի, Հ. Սահակյանի և Ս․ Գրիգորյանի հետ նախնական համաձայնության է եկել։ Հունիսի 11-ին «Ֆազն» ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևանի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել իր Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան ու պատրաստվել հեռանալ այդտեղից: Նկատելով, որ Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ տվյալ վայրից, Opel Astra մակնիշի ավտոմեքենայից Ս․Գրիգորյանն ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել «Ֆազ»-ի ուղղությամբ»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Սահակյանը և Գրիգորյանը, որոնց հայտնաբերելու և ձերբակալելու որոշում է կայացվել, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ, հավելել են ՔԿ-ից։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ «Չաղ Ռուստամի» և Կյուրեղյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարցուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից սպանության հանցակից լինելը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)։ Սահակյանի և Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից սպանության հանցակից լինելը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության փորձ, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)։
ՔԿ-ն «Ֆազի» սպանության դեպքի առթիվ քրվարույթ էր նախաձեռնել հունիսի 12-ին։