Քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում, Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է շահել, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Օլիմպիադային մասնակցել է 88 երկրի 327 աշակերտ, և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից, հայտնել է նախարարությունը՝ նշելով, որ Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների:
ՀՀ թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտներ Արման Խառատյանն /11-րդ դասարան/ ու Արտավազդ Արաբաչյանը /12-րդ դասարան/, Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը և Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Բենիամին Հայրապետյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։ Թիմը ղեկավարել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը, նշել է ԿԳՄՍ նախարարությունը։
Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Շվեյցարիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների։