Քննչական կոմիտեն հայտնել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ 3 անձի ձերբակալման մասին։
Գերատեսչությունը նաև մանրամասներ է հայտնել Առինջ գյուղում հուլիսի 29-ին ինքնաձիգներով կրակոցներ հնչեցնելու գործի մասին, որի հետևանքով վիրավորվել են գյուղի երկու բնակիչներ՝ Ս․Ա․-ն և Վ․Բ․-ն, նրանց հրազենային վնասվածքներով տեղափոխել են բուժհաստատություններ։
Ըստ ՔԿ-ի՝ ժամը 18:50-ի սահմաններում հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Առինջի բնակիչներ Ա․Բ․-ի և Ս․Ա․-ի միջև, որի ընթացքում վերջինս իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել Ա․Բ․-ի, այնուհետև՝ նրա տան ուղղությամբ՝ մարմնական վնասվածք պատճառելով վերջինիս եղբայր Վ.Բ․-ին։
«Տանը գտնվող նրանց հայրը՝ Գ․Բ․-ն, լսելով կրակոցի ձայները և տեսնելով վիրավոր որդուն, վերցրել է տանն ապօրինի պահվող «Սայգա» տեսակի ինքնաձիգը և կրակոցներ արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է Ս․Ա․-ն, ինչի հետևանքով վերջինս ևս ստացել է մարմնական վնասվածքներ և ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ա․Բ․-ին և Վ․Բ․-ին, ինչպես նաև նրանց հորը՝ Գ․Բ․-ին, ձերբակալել են: Նրանց պատկանող տան հողամասում հայտնաբերվել է 3 «Սայգա» տեսակի ինքնաձիգ:
ՔԿ-ն հայտնում է նաև, որ Ս․Ա․-ի հետ անհրաժեշտ քննչական գործողություններ դեռևս չեն կատարվել նրա՝ բուժհաստատությունում գտնվելու և առողջական վիճակի պատճառով։
Դեպքի առթիվ հուլիսի ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի միջոցով առողջությանը ծանր վնաս պատճառելը), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի միջոցով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի միջոցով խուլիգանություն կատարելը), 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի ապօրինի շրջանառություն) նախաձեռնվել է քրեական վարույթ: