Բեյրութի հարավային արվարձանում իսրայելական հարձակման թիրախ է դարձել «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի անվտանգության բարձրաստիճան աղբյուրին։
Նշվում է, որ հրամանատարի ճակատագիրն անհայտ է:
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է Բեյրութի հարվածը՝ նշելով, որ հարձակման թիրախը եղել է «Հեզբոլլահի» հրամանատարը, որը պատասխանատու է Մաջդալ Շամս բնակավայրում երեխաների մահվան համար։
Իսրայելը Լիբանանի ուղղությամբ հարվածներ էր հասցրել հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծմանն ի պատասխան։ Ի սկզբանե հաղորդվում էր, որ ֆուտբոլի դաշտում հրթիռի հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Ֆուտբոլի խաղադաշտի վրա հարձակումը հաջորդել էր Լիբանանում իսրայելական հարվածին, որի հետևանքով սպանվել էին չորս զինյալներ։ Ավելի ուշ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հարվածի հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս, վիրավորվել՝ 11 մարդ: Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ հրթիռն արձակվել է «Հեզբոլլահի» կողմից: Խմբավորումը չէր ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը։