Forbes-ը գրել է ՏՏ մասնագետների և այլ ռելոկանտների համար Հայաստանի գրավչության մասին: Հրապարակման մեջ նշվում է, որ
2022 թվականին Ռուսաստանից զանգվածային ռելոկացիայի ժամանակ Հայաստանը դարձավ «առաջին ընտրության երկրներից» մեկը։
«2023 թվականին նման երկրները բախվել են ռուսների արտահոսքի հետ, բայց Հայաստանի վրա այդ հանգամանքը ավելի քիչ է ազդել. ռելոկանտների մեծ մասը նախընտրել է մնալ այստեղ՝ չնայած այն հանգամանքին, որ հենց 2023-ին երկիրը ծանր քաղաքական ճգնաժամ է ապրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված խոշոր ՏՏ ընկերությունները 2023 թվականին 2022-ի համեմատ 3 անգամ ավելի շատ հարկ են վճարել»,- ասված է հրապարակման մեջ։
Հոդվածում անդրադարձել են բիզնեսի հարմարավետությանը։
«Հայաստանում ստարտափների համար գործում է արտոնյալ հարկային ռեժիմ՝ զրոյական ԱԱՀ-ով և շահութահարկով, ինչպես նաև աշխատակիցների շահութաբաժինների և եկամտահարկի գծով արտոնյալ դրույքաչափերով: Ճիշտ է, այս ռեժիմը կիրառվում է միայն արտահանման համար աշխատող ընկերությունների նկատմամբ, բայց, ընդհանուր առմամբ, երկրում հարկային ռեժիմը կարելի է հարմարավետ անվանել բիզնեսի համար: Իշխանությունների վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ նույնպես կարելի է լոյալ անվանել։ Այստեղ ավելորդ ստուգումներ գրեթե չկան»,- ասված է հոդվածում։
Որպես առավելություն՝ ընդգծել են ՀՀ-ում կացության և քաղաքացիության ստացման դյուրին լինելը։
«Օրինականացման դյուրինությունը Հայաստանի կարևոր առավելություններից մեկն է՝ համեմատած առաջին ընտրության մյուս երկրների հետ։ 2023 թվականին ռուսները զանգվածաբար լքել են Թուրքիան կացության մերժումների պատճառով։ Վրաստանում կարելի է լինել նաև առանց կացության թույլտվության, սակայն ՏՏ մասնագետները նախընտրում են ավելի հուսալի կարգավիճակ, որի դեպքում Վրաստանում ամեն ինչ ավելի լավ չէ, քան Թուրքիայում։ Մինչդեռ Հայաստանում նման խնդիր չկա. միգրացիոն օրենսդրությունն ու իրական պրակտիկան ավելի քան մարդասիրական են»,- հավելել է Forbes-ը։