Ռուս սահմանապահները հուլիսի 31-ին ավարտել են իրենց ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն։
Ըստ կայքի՝ օդանավակայանում պաշտոնական արարողություն է տեղի ունեցել, կողմերն արձանագրություն են կազմել։
«Պաշտոնական արարողության ժամանակ ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանն ստորագրել են «Զվարթնոց» սահմանային անցակետում Երևանին պետական սահմանի պահպանությունը հանձնելու մասին արձանագրությունը»,- ասված է հրապարակման մեջ։
Օդանավակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը նշել է, որ ռուս սահմանապահներն այս տարիների ընթացքում արժանապատվորեն են ներկայացրել Մոսկվան և սահմանապահ ծառայությունը:
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործընկերների հետ համատեղ ծառայության ընթացքում նրանց փոխանցել եք անգնահատելի փորձ, գիտելիքներ և կարողություններ, հուսալի հիմք դրել սահմանային անցակետի հետագա բարձր մակարդակի գործունեության համար: Հարգելի ընկերներ, շնորհակալ եմ ձեր անթերի աշխատանքի համար: Ես անկեղծորեն երախտապարտ եմ ձեզ: Ռուսաստանն իրավամբ հպարտանում է ձեզնով»,- ասել է դիվանագետը։
Հունանյանը հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայության 32-ամյա ժամանակահատվածը որակել է որպես երկու երկրների սահմանային անվտանգության ապահովման գործում սերտ գործընկերության, փոխգործակցության և շարունակական աշխատանքի վկայություն:
«Այս տարիների ընթացքում մեր համատեղ ծառայությունը հսկայական ներդրում է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ամրապնդման ապահովման գործում, մեր համագործակցության շնորհիվ զգալի հաջողություններ են գրանցվել սահմանային վերահսկողության ոլորտում»,- ասել է Հունանյանը։
Մարտի 6-ին ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանը «Զվարթնոցում» ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ։ Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսին հաստատել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ։