Իրավապահ մարմինները մտադիր են կարճել Փոքր Վեդիի մանկապարտեզի միջադեպով գործը, սակայն որոշումը վերջնական չէ, գրել է «Ժողովուրդը»։
Քննչական կոմիտեից թերթին ասել են, որ նախաքննությունը բնականոն հունով շարունակվում է։
Ավելի վաղ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնել էր, որ դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է մնալ կալանքի տակ: Ըստ նրա՝ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով):
Հուլիսի 26-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծում է երեխային։ Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում և բերման է ենթարկել մանկապարտեզի 45-ամյա աշխատակցուհու։ Այնուհետև Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։