Երեք էլեկտրական ենթակայանի վերակառուցման համար Հայաստանը և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 40 մլն դոլարի վարկային համաձայնագիր կկնքեն, նախագիծն այսօր հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում։
«Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրով կվերակառուցվեն «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծում նշվում է, որ ենթակայանները կառուցվել են 1960-ականներին, և ավելի քան 40 տարի շահագործումից հետո սարքավորումները մաշվել ու քայքայվել են։ Ըստ նախագծի՝ այդ պայմաններում հնարավոր չէ ապահովել մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայմանն ու վթարների առաջացմանը:
«Ենթակայանների օգտակար ծառայության ժամկետի երկարացման և անխափան շահագործման ապահովման համար անհրաժեշտ է հնացած և ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսները սպառած սարքավորումները փոխարինել նորերով»,- ասված է նախագծում։