Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ, քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ եղբայրը ձերբակալվել է։
Փաստաբանը նշել է, որ ոստիկանությունում ծառայողական քննությանը զուգահեռ իր եղբոր նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Երիցյանը նշել է, որ դեպքի հետ կապված հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։
Երիցյանը նաև հավելել է, որ եղբայրը քերծվածքներ ունի մեջքի, ձեռքի, երեսի հատվածներում, նրա համար երկու անգամ շտապօգնություն են կանչել։
Փաստաբանը ահազանգել է, որ 2 ժամից ավելի է՝ եղբայրը զրկված է պաշտպանության իրավունքից։ Ընդդիմադիր պատգամավորներին ու փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Քննչական կոմիտեի շենք։
Նա կոչ է արել ներկայանալ Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժանմունք՝ հարցին հանրային հնչեղություն տալու և պաշտպանության իրավունքն իրագործելու համար։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իր եղբորը՝ «ավտոմեքենան իբր արգելված վայրում կայանելու պատրվակով»։
Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբանն է։