Մեր թանգարաններում շարժ չկա․ նույն նկարը նույն տեղում կախված է, 5 տարի հետո էլ է նույնը, 6 տարի հետո էլ, 10 տարի հետո էլ, Դիլիջանի երկրագիտական թանգարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ վերջին օրերին հաճախ է այդ վայրով անցել, բայց չի իմացել, որ այստեղ թանգարան կա, որտեղ կարելի է տեսնել Այվազովսկու, Բաշինջաղյանի, Սարյանի և այլոց կտավներ։
Ըստ նրա՝ թանգարանների գրավչությունը բարձրացնելու համար այնտեղ պետք է հաճախ ցուցադրություններ կազմակերպել։
«Մշտական ցուցադրությունը կահույքի պես բան է դառնում, միշտ կախված է։ Տարեկան՝ 4 000 մարդ։ Հարց՝ ինչո՞ւ ենք պահում թանգարանը։ Պետական բյուջեից ինչքա՞ն ենք ֆինանսավորում։ Դիլիջանցին որ հարցնի՝ 32 միլիոն ինչի համար եք տալիս, պետք է պատասխան ունենաք։ Մենք իրականում մեր թանգարանները չենք էլ կարողանում նորմալ պահել, դա ձեր խնդիրը չէ, մեր մշակութային քաղաքականության խնդիրն է»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ մարդկանց նվազ ներգրավվածության պատճառով Հայաստանի թանգարաններն ավելի շուտ պահեստ են հիշեցնում։ «Մեր թանգարանները հիմնականում պահեստ են, պահեստ են՝ եկեք չգրենք ցուցադրություն կամ թանգարան, գրենք՝ պահեստ»,- շեշտել է նա։
Վարչապետը նշել է, որ թեև տեղացիները չեն սիրում թանգարաններ գնալ, բայց ոչ տեղացիները սիրում են, նրանց պետք է բերել թանգարան։ Նրա խոսքով՝ օրական 17 մարդու համար թանգարանին ֆինանսավորելը նպատակահարմար չէ, և այս թիվը հանրապետությունում դեռ ամենավատ ցուցանիշը չէ։