Քննչական կոմիտեն ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվելու դեպք բացահայտել, ինչի արդյունքում ՍՊԸ տնօրենին մեղադրանք է ներկայացվել, մասնակի՝ 10 մլն ՀՀ դրամի չափով վերականգնվել է պետությանը պատճառած վնասը, հայտնում են ՔԿ-ից։
ՔԿ-ն պարզել է, որ տնօրենը, հանքարդյունահանման աշխատանքներ կատարելու իրավունք չունենալով, ընդերքն օգտագործելու եղանակով արդյունահանել է ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը։
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային՝ ընդհանուրը 19.229.236 ՀՀ դրամի վնաս: Բացի դրանից՝ ընկերության հակաօրինական գործունեության հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել ընդհանուրը 7242մ2 մակերեսով գյուղատնտեսական, վարելահողի նպատակային և գործառնական նշանակությամբ հողատարածքները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում և վնասում։ Դրա հետևանքով նշված հողային ռեսուրսներին և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 1.768.370 ՀՀ դրամի գույքային վնաս: Ընկերության տնօրենը չի վճարել նաև գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4 տարի ժամկետով) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4 տարի ժամկետով):