Իրանը արագ և կոշտ պատասխան է պատրաստում Իսրայելի դեմ՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանության համար, հայտնում է РБК-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Կայքի հաղորդմամբ՝ ապրիլին Իսրայելի վրա Իրանի հարձակումից առաջ Թեհրանն իր պատասխանի մասին նախապես հեռագրել էր դիվանագետներին և Իսրայելին ու Միացյալ Նահանգներին ժամանակ տվել նախապատրաստվելու համար: Այս անգամ Իսրայելը և նրա դաշնակիցները «գործում են վակուումում», գրում է թերթը։
Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հանիայի և Բեյրութում «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերի սպանություններին Իրանի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» պատասխանը կլինի արագ և կոշտ, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրանցի դիվանագետին։
«Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է աղբյուրը։
Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակնկալում է, որ հարվածը կհաջորդի օրերի կամ մեկ շաբաթվա ընթացքում:
Հուլիսի 31-ին իսրայելական հարձակման հետևանքով սպանվել էր «Հեզբոլլահի» հրամանատարը, որին մեղադրում էին հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման առաջնորդ Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում։
Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր Մաջդալ Շամսի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս: