Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավար Հ. Շ.-ն զորակոչիկ Գ. Մ.-ին ծառայությունից ազատելու համար կաշառք են ստացել, Հ. Շ.-ն կալանավորվել է, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից նշել են, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամներ լինելով՝ Հ. Շ.-ն և Մ. Մ.-ն զորակոչիկի հետ 6000-ից 6500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պայմանավորվածություն են ձեռք բերել։
«2023 թվականի նոյեմբերին զորակոչիկը և նրա մտերիմ անձը 6000 դոլար կաշառքի գումարը փոխանցել են Մ. Մ.-ին, ով նշված գումարից 4000 ԱՄՆ դոլարը տվել է Հ. Շ.-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ: Հ. Շ.-ն 2023 թվականի նոյեմբերի 15-ին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես ակնաբույժ մասնակցել է զորակոչիկի հետազոտմանը, որի արդյունքներով կազմված եզրակացությամբ Գ. Մ.-ն ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից»,- հավելել են կոմիտեից:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Մ. Մ.-ն 2023-ի հոկտեմբերից 2024 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ևս երեք զորակոչիկի ծառայությունից ազատելու հարցը լուծելու նպատակով նրանց ազգականներից ստացել է ընդհանուր 4000 դոլար և 1.100.000 դրամ։ Արդյունքում՝ զորակոչիկներն ազատվել են ծառայությունից:
Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարի ժամկետով), Մ. Մ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով)։ Գ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խոշոր չափերով, մի խումբ անձանձ համաձայնությամբ կաշառք տալը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով)։