Կալանավորված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործերը քննող Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ պատասխանատվության չի ենթարկվի։ Ըստ ԲԴԽ-ի՝ Դոլմազյանը, որը Տոնոյանին թույլատրել էր առանց ձեռնաշղթաների կարճ ժամանակահատվածում ներկայանալ 44-օրյա հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, որևէ խախտում թույլ չի տվել։
«Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որոշեց այն մերժել»,- հայտարարել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Անդրադառնալով 2023-ին Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու թույլտվություն տալու որոշմանը` Անդրեասյանը նշեց, որ ըստ արդարադատության նախարարության` նա դատաիրավական նորմերի խախտումներ է թույլ տվել։
«Խոսքը կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ որոշման մասին է (Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու թույլտվություն-խմբ․)։ ԲԴԽ-ն եզրակացրել է, որ դատավորի կողմից թույլ չեն տրվել այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող են գնահատվել որպես դատաիրավական նորմերի խախտումներ։ Ավելին՝ դատավորի որոշմամբ կարճատև մեկնում տրամադրելիս ողջամիտ ժամկետ սահմանելը, ինչպես նաև ուղեկցումն առանձ ձեռնաշղթայի իրակացնելու մասին նշումը չի հակասել միջնորդության մեջ նշված իրավակարգավորումների էությանը։ Դատավորի արարքը չի վարկաբեկել և չէր կարող վարկաբեկել դատական իշխանությանը»,- հավելել է Անդրեասյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը 2023-ի սեպտեմբերին գրել էր, որ երբ ԱԱԾ մեկուսարանից Տոնոյանին տեղափոխել են ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին նրան թույլատրել են տեսակցել մորը, ինչն էլ վարույթի պատճառ է դարձել։ Օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր նաև, որ այդ ժամանակ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը կապված էր Տոնոյանին նման թույլտվություն տալու հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։