Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը, սակայն նրանց պակասում է այն ստորագրելու քաղաքական կամքը, JAMnews հարթակին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Որքանով ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Ըստ իս՝ միակ բանը, որը պակասում է, քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար: Մենք հուսադրվել ենք պայմանագրի նախագծերի վերջին ինտենսիվ փոխանակումներից և հուլիսի 10-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից»,- նշել է նա։
Կլաարի խոսքով՝ այն փաստը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն հանդիպել Լոնդոնում եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի շրջանակներում, վկայում է խաղաղ գործընթացի փխրունության մասին:
«Սա չի վկայում որևէ կողմի հանձնառության պակասի մասին, սակայն լավ ցույց է տալիս զգայունությունը, որը կապված է ոչ միայն բովանդակության, այլև կարգավորման քննարկումների գործընթացի հետ»,- ընդգծել է նա:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև հայտարարել է հայերի և ադրբեջանցիների միջև հասարակական մակարդակով հաշտեցման ուղղությամբ Բրյուսելի ջանքերի մասին: Եվրամիությունը երկար տարիներ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների վստահության ամրապնդման, երկխոսության և հաշտեցման միջոցառումներին, որպեսզի «նպաստի իրական խաղաղության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,- ասել է նա:
«Միջազգային հանրությունը պետք է շարունակի մասնակցել ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական գործընթացներին նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո»,- եզրափակել է Կլաարը:
Հունիսի 22-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին առաջարկել էր սկսել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի իրականացման գործընթացը։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-ին հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը:
Նա նշել էր, որ Բաքուն չի պատասխանել սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների համատեղ հետաքննության Երևանի առաջարկին: Հուլիսի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը երկրորդ անգամ էր Ադրբեջանին առաջարկել նման մեխանիզմ ստեղծել։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման հեռանկարները ու հայտարարել, որ Ադրբեջանին այսօր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր պետք չէ: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ նոր լայնածավալ պատերազմն Ադրբեջանի համար «չափազանց ձեռնտու չի լինի», սակայն առկա է իրավիճակի սրման մշտական ռիսկ: