Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննարկում է պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու ծրագիրը, քանի որ Սաակաշվիլիի և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ նույն միության մեջ է, լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Զուրաբիշվիլին իր պաշտոնը պահպանում է Միխեիլ Սաակաշվիլիի և «Ազգային շարժման» շնորհիվ»,- ասել է Պապուաշվիլին։
Վրաստանի խորհրդարանի խոսնակը լրագրողներին հիշեցրել է, որ երբ 2023 թվականի հոկտեմբերին օրենսդիր մարմնում տեղի էր ունենում Զուրաբիշվիլիի իմփիչմենթի քվեարկությունը՝ նրա կողմից Վրաստանի Սահմանադրության խախտման պատճառով, «Ազգային շարժումը» դեմ է քվեարկել իմփիչմենթին, ինչը նախագահին թույլ է տվել պահպանել իր պաշտոնը։
Սաակաշվիլին, որն այժմ Ուկրաինայի քաղաքացի է, լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսի համար քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել են երեք և ևս վեց տարվա ազատազրկման: 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, որից հետո նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ 2022 թվականի մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի մասնավոր կլինիկա, որտեղ նա գտնվում է մինչ օրս։