Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել օգոստոսի 5-ին Դիլիջանում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի վերաբերյալ՝ հայտնելով, որ կա կալանավորված։
Մասնավորապես, օգոստոսի 5-ին՝ ժամը 12:52-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, «Դիլիջան» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել ինքնությունը չպարզված քաղաքացի: Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է մարմնական վնասվածք ստացած անձի ինքնությունը, ով Դիլիջան քաղաքի 51-ամյա բնակիչ է. վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։
Գերատեսչության տվյալներով՝ պարզվել է դեպքի վայրը, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, որոնցից մեկը տուժողին հիվանդանոց տեղափոխած անձն է, մյուսը Դիլիջանի բնակիչ՝ 46 տարեկան, իսկ երրորդը՝ Երևանի 38-ամյա բնակիչ է: Հիշյալ երեք անձինք ձերբակալվել են և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին:
«Նույն միջադեպի ընթացքում կրծքավանդակի աջ կեսի շրջանում կտրած ծակած վերքով վնասվածքներ է ստացել նաև 46-ամյա տղամարդը, ով բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել է բժշկական կենտրոն, վնասվածքներ են հայտնաբերվել նաև Երևան քաղաքի 38-ամյա բնակչի մարմնին»,- հայտնում է կոմիտեն։
ՔԿ-ն հայտնում է, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցի կիսակառույց եկեղեցու մոտ՝ անտառի սկզբնամասում՝ տաղավարում, անձնական հարցի շուրջ տարաձայնություն ունենալու շարժառիթով, վիճաբանություն է տեղի ունեցել վերոհիշյալ անձանց միջև, որի ընթացքում 51-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս 46-ամյա համաքաղաքացին իր մոտ եղած դանակով հարվածել է նրա որովայնի առաջային մակերեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
«Քննությամբ պարզվել է նաև 46-ամյա տղամարդուն կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը: Վերջինս իր հերթին, 46-ամյա տղամարդուն կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է նրա կրծքավանդակի շրջանին, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել՝ 46-ամյա տղամարդուն ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության շնորհիվ»,- հայտնում են գերատեսչությունից:
Ըստ ՔԿ-ի՝ 46-ամյա տղամարդու և Երևան քաղաքի բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրանց մեղադրանք է ներկայացվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: