Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք խաղաղության համաձայնագրից հանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերությունը և դրան վերադառնալ ավելի ուշ, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Ըստ Ամիրբեկովի՝ վերոնշյալ՝ «ամենավիճահարույց հարցի շուրջ համաձայնության գալը բանակցությունները դյուրացնող գործոն է»։
«Չենք ցանկանում բարդացնել խաղաղության համաձայնագրի ավարտի գործընթացը։ Այդ պատճառով որոշել ենք «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրույթը հանել տեքստից»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ՝ Ամիրբեկովը նշել է, որ եթե անգամ «տրանսպորտային միջանցքի հարց» չկա, ապա «Հայաստանի սահմանադրության հարցը կարող է անորոշ ժամանակով հետաձգել համաձայնագրի ստորագրումը»։
Հունիսի 22-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին առաջարկել էր սկսել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի իրականացման գործընթացը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-ին հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը:
Նա նշել էր, որ Բաքուն չի պատասխանել սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների համատեղ հետաքննության Երևանի առաջարկին: Հուլիսի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը երկրորդ անգամ էր Ադրբեջանին առաջարկել նման մեխանիզմ ստեղծել։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման հեռանկարները ու հայտարարել, որ Ադրբեջանին այսօր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր պետք չէ: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ նոր լայնածավալ պատերազմն Ադրբեջանի համար «չափազանց ձեռնտու չի լինի», սակայն առկա է իրավիճակի սրման մշտական ռիսկ: