Հայաստանն ու Ռուսաստանը նոր պայմանագիր կստորագրեն Երևանում Ռուս-հայկական համալսարանի պայմանների և գործունեության վերաբերյալ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում։
Համաձայնագիրը, որի հիման վրա գործում է համալսարանը, ստորագրվել է 1997 թվականի օգոստոսին և վերջնական տեսքի է բերվել 2003 թվականի ապրիլին։
Նոր համաձայնագրի ստորագրման նպատակն է բարձրացնել բուհի կառավարման, կրթական և հետազոտական գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև գործընթացները համապատասխանեցնել Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությանը։
Փաստաթղթում նշվում է, որ համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը թելադրված է նրանով, որ ռուսաց լեզվի դերն ու տեղը Հայաստանում որոշվում են պատմական գործոններով, և ռուսաց լեզուն անհրաժեշտ է մշակութային կապերը պահպանելու և համակողմանի համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև շրջանավարտների կողմից ռուսաց լեզվի գերազանց իմացության համար:
Նոր համաձայնագրով ավելի հստակորեն կամրագրվեն բուհի ղեկավարության սկզբունքային մոտեցումները, Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան կրթական ծրագրերի իրականացման հարցում կկիրառվի հավասար մոտեցման սկզբունքը։
Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ ռեկտորն ընտրվում է բուհի խորհրդի կողմից կանոնադրության համաձայն և պաշտոնում հաստատվում մինչև հինգ տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու ժամկետ անընդմեջ զբաղեցնել ռեկտորի պաշտոնը։ Հստակ ձևակերպված են նաև համալսարանի ընդունելության կանոնները, ակադեմիական իրավունքներն ու ազատությունները։
Համաձայնագրի նախագծում դրույթ է ներառված բուհի բազայի վրա Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում կրթական և գիտական կազմակերպությունների բաժիններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու հնարավորության մասին։ Համաձայնագրի նախագծով նախատեսվում է նաև հստակ մեխանիզմ՝ Ռուսաստանի բյուջետային միջոցների հաշվին ուսման համար ընդունելության տեղերի բաշխման համար։