Օգոստոսի 8-ին Վարդենուտ գյուղի բնակիչներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ բնակավայրում ՌԻԴ ՍՊԸ-ի կողմից լեռնադահուկային կոմպլեքս և ճոպանուղի կառուցելու ներդրումային նախագծի հետ կապված։ Համալիրը կառուցելու համար գյուղի՝ իրենց պատկանող 110 հեկտար հողատարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել և օտարվել է։
Բնակիչները հայտարարել են, որ իրենց հողերի օտարման համար ՌԻԴ-ից համարժեք փոխհատուցում են պահանջում։ Նրանք գնահատող «Էքսպերտ Դիալոգ» ՍՊԸ-ին մեղադրել են իրենց սեփականության շուկայական արժեքը քիչ գնահատելու մեջ։
«Գնահատող ընկերությունն ստացել է 260-300 դրամ շուկայական արժեք, սակայն մեզ համար ընդունելի է 2000 դրամը, ինչի առնչությամբ ստորագրահավաք էինք իրականացրել, ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետագայում ժողովուրդը համաձայնեց 1000 դրամին, որ ներդրումային ծրագրերն ու երկիրը չտուժեն, բայց, ինչպես հասկանում ենք, այդ տարբերակին էլ համաձայն չեն։ Պահանջում ենք համարժեք փոխհատուցում, որ կարողանանք նման հողամասեր գնել և չզրկվել մեր ապրուստից»,- լրագրողներին հայտնել է գյուղի բնակիչ Խորեն Պողոսյանը։
Կառավարության նիստից հետո բնակիչները հարցեր են ուղղել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Վերջինս բնակիչներին հայտնել է, որ չի կարող միջամտել մասնավորի ծրագրերին, միայն կարող է երկու կողմերի միջև բանակցության հնարավորություն ստեղծել։
«Կփորձենք օգնել ձեր միջև բանակցությունների իրականացմանը, բայց չենք կարող և իրավունք չունենք տնտեսվարողին ասել, որ պետք է հողն այս կամ այն արժեքով գնի։ Մենք կհորդորենք տնտեսվարողին հանդիպել ձեզ հետ»,- ասել է նախարարը։
Բնակիչները նախարարին խնդրել են հետ կանչել իրենց հողատարածքները գերակա շահ ճանաչելու որոշումը։ Ի պատասխան՝ Պապոյանը նշել է, որ չի կարող որևէ կողմի փաստաբանի դերն ստանձնել։
Մարտի 10-ին Վարդենուտի բնակիչները փակել էին Երևան-Վանաձոր ավտոճանապարհը, հունիսի 24-ին՝ Ապարան-Երևան մայրուղին։ Նրանք ՌԻԴ ՍՊԸ-ից պահանջել էին դադարեցնել ընկերության կողմից Արագածի էկո-հագստավայրի կառուցումը։ ՌԻԴ-ն, իր հերթին, բնակիչներին մեղադրել էր «անհիմն գումարներ շորթելու և ապօրինաբար հարստանալու փորձի» մեջ։ Ըստ ընկերության՝ բնակիչներն այդ նպատակով ցանկանում են, որ «գերակա շահ ճանաչված հողամասերի փոխհատուցման գները բարձրանան»։
2023-ի մարտին կառավարությունը հավանություն էր տվել Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու նախագծին, որի ներդրումային ծրագիրը կազմում է 190 մլն դոլար։
Մանրամասները՝ տեսանյութերում։